Բաժին. Բիզնես

Այս տարի ԴիջիԹեք ցուցահանդեսին կմասնակցի արտասահմանյան և հայաստանյան 120 ընկերություն

Այս տարի ԴիջիԹեք ցուցահանդեսին կմասնակցի կանադական, սինգապուրյան, ռուսական, ամերիկյան և տեղական 120 կազմակերպություն: Ակնկալվում է, որ 9-րդ ամենամյա տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսը կունենա ավելի քան 25.000 այցելու:

«ԴիջիԹեք էքսպո 2013»-ը, որը կկայանա հոկտեմբերի 4-ից 6-ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում, կազմակերպում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը:

Ցուցահանդեսն այս տարի կներկայանա առավել մեծ ծավալներով և նոր ձևաչափով: Առաջին հարկում կներկայացվեն ինժեներական լուծումներ, երկրորդ հարկում առանձնացված կլինեն ծրագրային և համացանցային լուծումները, հեռահաղորդակցության, կրթության ոլորտները, սիստեմային ինտեգրատորները և սարքավորումների մատակարարները, երրորդ հարկում կտեղակայվեն նորաստեղծ ընկերությունները, աշխատանքի տոնավաճառ բաժինը, «ԴիջիԼայֆ» սեմինարների սրահները և գործարար հանդիպումների սրահը:  

DigiTec-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:  

Ցուցահանդեսին կից կանցկացվեն հետևյալ միջոցառումները.

– ԴիջիԼայֆ սեմինարներ. «Տեխնոլոգիաների կիրառումն առօրյա բիզնեսում»,

– Տեխնոլոգիական աշխատանքի տոնավաճառ – Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին և ներկայացնել իրենց տվյալները,

– ArmRobotics. ռոբոտների ցուցադրություն,

– Open Game Contest. «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն:

ԴիջիԹեքին կից այս տարի առաջին անգամ կանցկացվի նաև ԱրմԹեք համաժողովը:  

Share