Բաժին. Բիզնես

HTC-ի ֆինանսական խնդիրները խորացել են

Սմարթոններ արտադրող թայվանական HTC ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում ընկերությունը կրել է 2,97 մլրդ թայվանական դոլարի զուտ վնաս (շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար): Նշենք, որ նախորդ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով HTC-ը ապահովել էր 3,9 մլրդ թայվանական դոլարի (մոտ133 մլն ԱՄՆ դոլար) զուտ շահույթ:

Հատկանշական է, որ եռամսյակային վնաս HTC-ը գրանցել է 2002 թվականից ի վեր՝ իր «հրապարակային» գործունեության պատմության մեջ առաջին անգամ:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 40%-ով և կազմել 47,05 մլրդ թայվանական դոլար (1,6 մլրդ ԱՄՆ դոլար): Մեկ բաժնետոմսի հաշվով զուտ վնասը կազմել է 3,58 թայվանական դոլար:

Նշենք նաև, որ ըստ IDC-ի՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով HTC ընկերության մասնաբաժինը սմարթֆոնների համաշխարհային շուկայում կազմել է 2,8%՝ նախորդ տարվա 5,6% ցուցանիշի դիմաց:

Շուկայի առաջատարներն են Samsung-ը՝31,7%, Apple-ը՝ 13,2%, Lenovo-ն՝ 4,8%:

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով HTC ընկերությունը գրանցել էր զուտ շահույթի 83% անկում: Եռամսյակային զուտ շահույթը կազմել էր 42 մլն ԱՄՆ դոլար:

Share