Բաժին. Բիզնես

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը հրավիրում է համագործակցության

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ իրականացվող «Տեղական արտադրանքի զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ) հայտարարում է մրցույթ` Հայաստանի համայնքներում պանրի փոքրածավալ արտադրության վերաբերյալ խորհրդատու ներգրավելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել համապատասխան գործունեության փորձ ունեցող ՀՀ և օտարերկրյա անհատ ձեռնարկատերեր կամ իրավաբանական անձինք: Մանրամասների համար անհրաժեշտ է դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակ (ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5ա, հեռ. (010) 54-16-48, 56-37-14):

Նշենք, որ «Տեղական արտադրանքի զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» ծրագիրը (2013-2016թթ.) միտված է Հայաստանի համայնքների տնտեսական վիճակի բարելավմանը՝ տեղական արտադրանքի և գործարարությանն աջակցության միջոցով: Ծրագրի նպատակն է ճապոնական «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» (One Village One Product-OVOP) հայեցակարգի Հայաստանում տեղայնացման միջոցով տեղական արտադրանքի և ծառայությունների զարգացումն ու նոր ապրանքանիշերի առաջմղումը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է ունենալ հայկական «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգ՝ հիմնված Ճապոնիայի և այլ երկրների համապատասխան փորձի վրա:

Ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում կընտրվեն հինգ համայնքներ, որոնցում  ճապոնական և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ փորձագետների համատեղ ջանքերով կիրականացվեն փորձնական ծրագրեր, որոնց արդյունքները կլինեն համայնքներին յուրահատուկ նոր ապրանքատեսակների ստեղծումը և ՓՄՁ-ների արտադրական և շուկայավարման կարողոթյունների զարգացումը: Ծրագրի ավարտից հետո, արդեն իսկ փորձարկված սույն մեխանիզմը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետների միջոցով կտարածվի նաև հանրապետության այլ համայնքներում:

Share