Բաժին. Բիզնես

Ամերիկյան Citigroup բանկային խմբի եռամսյակային շահույթն աճել է 7 անգամ

Ամերիկյան առաջատար բանկերից մեկը՝ Citigroup Inc.-ը, ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում իր գործունեության արդյունքները: Ըստ հրապարակված հաշվետվության՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանկի զուտ շահույթն աճել է շուրջ յոթ անգամ և կազմել 3,22 մլրդ ԱՄՆ դոլար:

Այն նույն ժամանակահատվածում բանկի հասույթը կազմել է 17,88 մլրդ ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով շուրջ 30%-ով: Միևնույն ժամանակ, նախորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը կրճատվել է 13%-ով:

Citigroup-ն, ընդհանուր առմամբ, գոհ է եռամսյակային ցուցանիշներից: Բանկում վստահ են, որ շարունակվող ոչ այնքան բարենպաստ մակրոտնտեսական պայմաններում գրանցված ցուցանիշները ավելի քան բավարար են:

Citigroup-ն իր ակտիվների ծավալով ԱՄՆ-ի երրորդ խոշորագույն բանկն է: 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում բանկը հայտնվել էր բավականին ծանր վիճակում և ԱՄՆ-ի կառավարությունից ստացել 45 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն:

Share