Բաժին. Բիզնես

Բիզնես-համաժողով՝ հայ և արգենտինացի գործարարների մասնակցությամբ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կայացել է հայ-արգենտինական առաջին գործարար համաժողովը: Այն կազմակերպել էին Զարգացման հայկական գործակալությունը և Հայաստանում Արգենտինայի հանրապետության դեսպանությունը:

Համաժողովին մասնակցելու համար Արգենտինայից ժամանել էր բազմաոլորտ կոմերցիոն առաքելություն` Արտաքին Առևտրի քարտուղար Բեատրիզ Պագլիերիի գլխավորությամբ: Մոտ 25 ընկերություն ներկայացնում էին արդյունաբերության տարբեր ոլորտներ՝ դեղագործություն, բիոտեխնոլոգիաներ, առողջապահություն, մասնագիտացված բժշկական ծառայություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, սննդամթերք և խմիչք, արդյունաբերական ավտոմատացված ճարտարագիտություն, ագրոքիմիկատներ, Էլեկտրական սարքավորում, մեքենաշինություն, տեքստիլ, կոսմետիկա, տուրիզմ, մետալուրգիա:

Գործարար համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել գործարար հանդիպումներ՝ հայ և արգենտինացի գործարարների միջև համագործակցության ընդհանուր եզրեր գտնելու նպատակով:

Զարգացման հայկական գործակալությունը վստահ է, որ գործարար համաժողովը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը և հնարավորություն կընձեռի հայ գործարարներին ներկայացնելու իրենց գործարար առաջարկները:

Նշենք, որ Հայաստանից Արգենտինա է արտահանվում հիմնականում ոգելից և ոչ ոգելից ըմպելիքներ, տրիկոտաժե պաստառ, մեքենայական կամ ձեռքի գործվածքով, հնոտիներ, իսկ Արգենտինայից Հայաստան է ներմուծվում հիմնականում միս և մսամթերք, ուտելի մրգեր և ընկույզներ, ալրաղացային-ձավարեղենային արտադրանք, ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ:

2012թ.-ին Հայաստանի տնտեսությունում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումների 9%-ը բաժին է ընկել Արգենտինայի Հանրապետությանը: Օտարերկրյա ներդրումներ իրականացվել են հիմնականում գյուղատնտեսության, օդային տրանսպորտի ոլորտներում, որոնք կազմել են 51.3 մլն ԱՄՆ դոլար:

Share