Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ բացվել է կրթական նոր լաբորատորիա

Սինոփսիս Արմենիայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) համագործակցության շրջանականերում բացվել է կրթական նոր լաբորատորիա: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շուրջ 31 մլն դրամ է հատկացրել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային (ԵԿՏԱ)` «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնում կրթական ժամանակակից երրորդ լաբորատորիան ստեղծելու համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրած ֆինանսական աջակցության շնորհիվ, լսարանային տարածքը համապատասխանեցվել է արդի ուսումնական պահանջներին և չափանիշներին: Այն ապահովվել է համակարգչային տեխնիկայով: Կհատկացվեն նաև ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձն ու հավասարեցված այլ վճարները:

Նշենք, որ 2011թ.-ին կողմերը եռակողմ համաձայնագիր էին ստորագրել  կրթական համատեղ ծրագրի ստեղծման մասին` ուղղված ՏՀՏ ոլորտի մասնագետներ պատրաստելուն: Երեք տարվա ընթացքում ստեղծվել է կրթական երեք լաբորատորիա, որի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրել է շուրջ 74 մլն. դրամ: Սինոփսիս Արմենիան Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային (ԵԿՏԱ) անվճար հիմունքներով տրամադրել է էլեկտրոնային ավտոմատ նախագծման ուսումնական փաթեթի հավաստագրեր, համապարփակ ուսումնական նյութեր, ինչպես նաև ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի վերապատրաստում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում վստահ են, որ ԲՈՒՀ-արտադրություն համագործակցության կրթական այս մոդելի կիրառումն արդարացված է: Այն հնարավորություն է տալիս ունենալ արտադրությանը պատրաստ շրջանավարտներ, ովքեր համապատասխան գիտելիքներ և ունակություններ ունեն` արդյունավետ ցուցանիշ ապահովելու համար:

Սինոփսիս Արմենիայի կողմից իրականացվող կրթական մոդելի համաձայն՝ բակալավրական ծրագրի երկրորդ կուրսի ավարտին, բարձր առաջադիմությամբ ուսանողները մրցութային կարգով ընդգրկվում են ծրագրում: Ընտրությունը կատարվում է Սինոփսիսի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետների և ԵԿՏԱ դասախոսների կողմից: «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային  սխեմաներ և համակարգեր»  ամբիոնի բակալավրական կրթական ծրագիրն այս տարի կտա իր առաջին  շրջանավարտներին: Բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողներն այժմ հնարավորություն ունեն ուսումնառությունը շարունակել ամբիոնի մագիստրատուրայում:

Share