Բաժին. Բիզնես

Ամերիաբանկի ֆինանսավորմամբ իրականացվել է Անդրկովկասում առանձնահատուկ նշանակության նախագիծ

Չարենցավան քաղաքում գործարկվել է բարձրակարգ տեխնոլոգիական միջոցներով հագեցած ASCE GROUP ժամանակակից մետաղաձուլական գործարանը, որի սարքավորումները ներկրվել և տեղադրվել են Siemens ընկերության միջոցով: Նախագծի  ընդհանուր արժեքը կազմում է 7.8 մլրդ դրամ, որից ավելի քան 6.5 մլրդ դրամը ֆինանսավորվել է Ամերիաբանկի կողմից` առևտրի ֆինանսավորման գործիքների միջոցով:

Ամերիաբանկից տեղեկանցում են, որ Բանկը, արդյունավետ համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ, վերջինիս կողմից իրականացվող առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում իրականացրել է Հայաստանի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող գործարանի կառուցման ֆինանսավորումը:

Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը այս կապակցությամբ նշել է. «Հայաստանի տնտեսության համար անչափ կարևոր է միջազգային չափանիշներին համապատասխան ASCE GROUP գործարանի կառուցումը: Ամերիաբանկը բարձր է գնահատում համագործակցությունը միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, որի շնորհիվ հնարավոր եղավ իրագործել տարածաշրջանում առաջնակարգ գործարանի կառուցման նախագիծը: Գործարանի բարձրակարգ արտադրանքը մեծապես կնպաստի կցամասերի նկատմամբ տեղական շուկայի և տարածաշրջանի պահանջների բավարարմանը: Նման հզոր գործարանի առկայությունը կխթանի Հայաստանի տնտեսության զարգացմանը,  ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության ծավալների ավելացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացմանը»:

Share