Բիզնես

xAI-ը գնահատվել է 250 մլրդ դոլար՝ պատմության խոշորագույն M&A գործարքի շրջանակում

Արհեստական բանականության ոլորտում զարգացումներ իրականացնող xAI ընկերությունը Իլոն Մասկի SpaceX-ի հետ միաձուլման շրջանակում գնահատվել է մոտ 250 մլրդ դոլար, իսկ ամբողջ միավորված ընկերությունը՝ 1.25 տրլն դոլար: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ավելի վաղ AP գործակալությունը, հղում անելով SpaceX-ի հայտարարությանը, հայտնել էր, որ տիեզերական ընկերությունը ձեռք է բերել Մասկին պատկանող xAI-ը։

Եթե այս թվերը համապատասխանում են իրականությանը, ապա xAI-ի գնումը դառնում է պատմության մեջ ամենախոշոր միաձուլման և գնման (M&A) գործարքը՝ ըստ LSEG-ի տվյալների։ Մինչ այդ այդ տիտղոսը պատկանում էր 2000 թվականին բրիտանական Vodafone ընկերության կողմից գերմանական Mannesmann-ի կլանմանը՝ մոտ 203 մլրդ դոլար գնահատմամբ։

Մասկի կարծիքով՝ SpaceX-ի և xAI-ի միավորումը հնարավորություն կտա ստեղծել ուղղահայաց ինտեգրված ինովացիոն համալիր, որը կներառի հրթիռներ, արբանյակային կապ, արհեստական բանականության մշակումներ և տվյալների մշակման ենթակառուցվածքներ տիեզերքում։

Ավելի վաղ xAI-ը միավորվել էր սոցիալական X հարթակի հետ, որը նույնպես պատկանում է Մասկին։

Մասկը բազմիցս խոսել է այն տեխնոլոգիաների մշակումը արագացնելու անհրաժեշտության մասին, որոնք թույլ կտան տվյալների մշակման կենտրոններին գործել տիեզերքում՝ լուծելով Երկրի վրա արհեստական բանականության համակարգերի ստեղծման և շահագործման համար պահանջվող էլեկտրաէներգիայի և այլ ռեսուրսների հսկայական ծախսերի խնդիրը։ Ձեռնարկատիրոջ կարծիքով՝ այդ նպատակին հասնելը զգալիորեն կհեշտանա միավորված ընկերության շնորհիվ։

«Երկարաժամկետ հեռանկարում տիեզերական արհեստական բանականությունն ակնհայտորեն մասշտաբավորման միակ միջոցն է», – գրել է Մասկը SpaceX-ի կայքում։

Նրա գնահատմամբ՝ 2-3 տարվա ընթացքում արհեստական բանականության համար հաշվարկային հզորություններ ստեղծելու ամենաէժան եղանակը կլինի տիեզերքը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share