Բիզնես

Volkswagen-ը նախատեսում է մինչև 2028 թվականի վերջը 20%-ով կրճատել ծախսերը

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը նախատեսում է մինչև 2028 թվականի վերջը բոլոր բրենդների շրջանակում ծախսերը կրճատել 20%-ով: Այս մասին հայտնում է գերմանական Manager Magazin բիզնես-ամսագիրը։

VW-ի գլխավոր գործադիր տնօրենն ու ֆինանսական տնօրենը ծախսերի խնայողության լայնածավալ ծրագիրը ներկայացրել են ավտոկոնցեռնի թոփ-մենեջերների հետ Բեռլինում անցկացրած փակ խորհրդակցության ժամանակ դեռևս հունվարի կեսերին:

Ծախսերի կրճատման ծրագիրը կոչված է վերադարձնելու VW-ին կայուն շահութաբերություն՝ Չինաստանում բիզնեսի թուլացման, ԱՄՆ-ում ներմուծման մաքսատուրքերի բարձրացման, ինչպես նաև գլոբալ մրցակցության սրման պայմաններում: Manager Magazin-ը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ մեթոդներով է VW-ն մտադիր հասնել խնայողությունների, սակայն նշում է, որ քննարկվում է նաև ձեռնարկությունների փակման հնարավորությունը։

VW-ն դեռ երեք տարի առաջ սկսել էր բիզնեսի վերակազմավորման ծրագիր՝ բոլոր բրենդների և ստորաբաժանումների շրջանակում։ Այդ ընթացքում ավտոկոնցեռնին հաջողվել է տարեկան ծախսերում հասնել երկնիշ միլիարդավոր եվրոներով արտահայտվող ընդհանուր խնայողության: Reuters գործակալությանն այս մասին հայտնել է VW-ի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ դա ընկերությանն օգնել է հաղթահարել, օրինակ, ամերիկյան մաքսատուրքերի բարձրացման հետևանքները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բլյումեն ընկերության միջնաժամկետ ծրագրերը կհայտարարի մարտի 10-ին՝ VW-ի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Share