Բաժին. Բիզնես

ԱՐՄԵՆԱԼ գործարանը ավելացրել է ինչպես արտադրության, այնպես էլ արտահանման ծավալները

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը մտնում է աշխարհում այլումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության կազմի մեջ, արտադրել է 20 հազար 464,7 տոննա արտադրանք, որը 4,7%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԱՐՄԵՆԱԼ-ից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին ԱՐՄԵՆԱԼ-ը ճանաչվել է պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշորագույն արտահանողը Հայաստանում: Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում ալյումինի փայլաթիթեղի արտահանման ծավալը կազմել է 20 հազար 751,4 տոննա, որը 8,6%-ով ավելի է, քան նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի ցուցանիշը:

ԱՐՄԵՆԱԼ-ի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 5,7%, իսկ ԱՄՆ արտահանման մեջ գերազանցում է 87%-ը:

Հաշվետու ժամանակահատվածում գործարանի կողմից պետբյուջե կատարված մուտքերն աճել են 23,1%-ով  և կազմել 1 մլրդ 414 մլն դրամ:

ԱՐՄԵՆԱԼ-ից տեղեկացնում են նաև, որ արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվել է աշխատավարձի կայուն աճով, որի ամսական միջին ցուցանիշը ընթացիկ տարվա ինն ամիսներին կազմել է 331,3 հազար դրամ: Այն տարեսկզբից աճել է 10%-ով:

Share