Բաժին. Բիզնես

Բի-Դի-Օ Արմենիա աուդիտորական ընկերությունը հանդես է եկել աննախադեպ առաջարկներով

Նշանավոր Բի-Դի-Օ ընկերությունների խումբն այս տարի տոնում է միջազգային ասպարեզում իր գործունեության 50-ամյակը: Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ աշխարհի 138 երկրում գործող այս հեղինակավոր աուդիտորական ընկերությունների խումբը հանդես է գալիս հաճելի անակնկալով:

«Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ-ն, որպես այդ խմբի անդամ, սոցիալական ուղղվածությամբ ընկերություններին առաջարկում է 50 ժամ ընդհանուր ժամաքանակով անվճար խորհրդատվություն` իր կողմից առաջարկվող ծառայությունների շրջանակներում, մինչև 2013 թվականի ավարտը:

Բի-Դի-Օ Արմենիան հանդես է գալիս նաև աննախադեպ առաջարկներով, որոնք կարող են արժեքավոր լինել գործարար աշխարհի ներկայացուցիչների, պետական կառույցների, հետազոտական ընկերությունների, առանձին հետազոտողների, գիտնականների և  այլ ընկերությունների և անհատների համար: Այսպես, Բի-Դի-Օ Արմենիան առաջարկում է օգտվել «BDO Compass» ծրագրային գործիքի լայնամասշտաբ հնարավորություններից: Բի-Դի-Օ ընկերությունների խումբն իրականացնում է լայնածավալ հետազոտություններ աշխարհի տարբեր երկրների մակրոտնտեսական և միկրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ, և ցանկացողները, ստանալով հասանելիություն «BDO Compass» գործիքին, կարող են ծանոթանալ իրենց հետաքրքրող երկրի վերաբերյալ առկա վերլուծություններին:

Ներդրողների համար Բի-Դի-Օ Արմենիան հանդես է գալիս BDO Ambition Survey-ով, որը կարող է անհրաժեշտ ու կարևոր տեղեկություններ տրամադրել աշխարհի տարբեր երկրների ներդրումային կլիմայի վերաբերյալ: Բի-Դի-Օ ընկերությունների խումբը կատարել է հարցում աշխարհի խոշոր միջազգային ընկերությունների ղեկավարների շրջանում, որի հիման վրա կազմվել է տեղեկատվական նյութ, թե որ երկրում ներդրումների համար որ ոլորտն է բարենպաստ, և ինչպիսի պոտենցիալ կա այդ ոլորտի հետագա զարգացման համար:

Բի-Դի-Օ ընկերությունը կազմել է նաև 2013թ. համար տարբեր երկրների հյուրանոցային ոլորտի և զբոսաշրջության զարգացման միտումների վերաբերյալ ուղեցույց: Ներկայացված են նաև մի շարք հետաքրքիր տեղեկություններ Անգլիայում, մայրցամաքային Եվրոպայում, Միջին Արևելքում և Աֆրիկայում հյուրանոցների գործունեության և շահութաբերության վերաբերյալ:        

Բի-Դի-Օ Արմենիա ընկերությունում վստահ են, որ ներկայացրած առաջարկությունները մեծապես կօգնեն  նոր նախաձեռնությունների իրագործման համար բարձր մասնագիտական աջակցություն ստանալու և գործունեության արդյունավետ ուղիներ ընտրելու հարցում:

Share