Բաժին. Բիզնես

Հարավկովկասյան երկաթուղին գրանցել է բեռնափոխադրումների ծավալի անկում

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 2730,0 հազ. տոննա բեռ, ինչը 5,1%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Ընկերությունից հայտնում են, որ հաշվետու ամիսներին արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 390,4 հազար տոննա, ներմուծման հաղորդակցությունում՝ 1002,4 հազար տոննա, իսկ տեղական հաղորդակցությունում՝ 1337,2 հազար տոննա:

Միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնափոխադրումների ծավալը կազմել է 342,3 հազ. տոննա, ինչը 5,7%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Նշենք նաև, որ հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ արագացել է մոտ 0,3 օրով կամ 10%-ով: Հունվար-հոկտեմբերին մեկ վագոնը շրջանառությունում է գտնվել միջինում 3 օր: Մեկ վագոնի միջին օրական արտադրողականությունը 2013 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել է 4966 տկմ նետտո/վագոն, ինչը 12,7%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 393,2 լոկ-կմ, ինչը 8,4%-ով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share