Բաժին. Բիզնես

BlackBerry-ի թոփ-մենեջերներից երեքը որոշել են հեռանալ ընկերությունից

Բջջային սարքավորումների արտադրության ոլորտում հայտնի կանադական BlackBerry ընկերության թոփ-մենեջերներից երեքը որոշել են հեռանալ ընկերությունից: Սպասվում է, որ մոտ ապագայում իրենց զբաղեցրած պաշտոններից կազատվեն գործառնական տնօրեն Քրիստիան Տիրը, Մարքեթինգի բաժնի տնօրեն Ֆրենկ Բուլբենը և ֆինանսական տնօրեն Բրայան Բիդալկան:

Վերլուծաբանները նշում են, որ BlackBerry ընկերությունը փորձում է ղեկավար կազմի փոփոխության միջոցով դուրս գալ ճգաժամից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ BlackBerry-ի գլխավոր տնօրեն Թորստեն Հեյնսը ևս կազատվի զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ BlackBerry հեռահաղորդակցական ընկերությունը հրաժարվել է մինչ այս հայտարարած իր պլաններից. ընկերությունն իր բիզնեսն այլևս չի վաճառվում: Ներդրումային միջոցներ ներգրավելու ծրագրի շրջանակներում նախատեսվում են այլ քայլեր:

Սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ BlackBerry ընկերությունը մտադիր է իր բաժնետոմսերի 100%-ը փոխանցել Fairfax Financial Holdings ներդրումային կոնսորցիումին: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվել էր 4,7 մլրդ ԱՄՆ դոլար:

Ներկայում Fairfax-ին է պատկանում BlackBerry ընկերության բաժնետոմսերի շուրջ 10%-ը: Այս պահի դրությամբ Fairfax ներդրումային կոնսորցիումը BlackBerry ընկերության խոշորագույն բաժնետերն է:

Դեռևս հինգ տարի առաջ BlackBerry-ի սմարթֆոնները համարվում էին առավել մրցունակներից, սակայն շուկայում մրցունակության առավել սրման պայմաններում այս սմարթֆոնների վաճառքի ծավալները կտրուկ նվազել են:

Վերջին մի քանի տարվա ընթացքում ընկերության մեկ արժեթղթի գինը 230 ԱՄՆ դոլարից նվազել և հասել է 6,3 ԱՄՆ դոլարի:

2013 ֆինանսական տարում, որն ավարտվել էր ընթացիկ տարվա մարտի 2-ին, ընկերությունը կրել էր 646 մլն ԱՄՆ դոլարի զուտ վնաս՝ նախորդ տարի արձանագրված 1,16 մլրդ ԱՄՆ դոլար տարեկան զուտ շահույթի դիմաց: Արդյունքում, ընկերության մեկ սովորական բաժնետոմսի հաշվով տարեկան զուտ վնասը կազմել էր 1,2 ԱՄՆ դոլար: Ընկերության տարեկան հասույթը կրճատվել էր 40%-ով և կազմել շուրջ 11 մլրդ ԱՄՆ դոլար:

Share