Բաժին. Բիզնես

Bank of Cyprus-ը կրել է զգալի վնաս

Ընթացիկ տարվա առաջին կեսին Bank of Cyprus-ը կրել է զգալի վնաս: Ըստ հրապարակված ամփոփ հաշվետվության՝ հաշվետու ժամանակահատվածում բանկի կրած վնասը կազմել է 1,805 մլրդ եվրո: Նշենք, որ 2012 թվականի առաջին կեսին Bank of Cyprus-ի կրած վնասը կազմել էր 134 մլն եվրո:

Բանկի ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ վնասի մեծ մասը կապված է «հունական» բիզնեսի վաճառքի հետ:

Նշենք նաև, որ վերջին տվյալների համաձայն՝ Bank of Cyprus-ի վարկերի ընդհանուր ծավալում «չսպասարկվող» վարկերը կազմել են 36%, երկարաձգված վարկերը՝ շուրջ 38%:

Վերլուծաբանները նշում են, որ Bank of Cyprus-ի գործունեության վրա ուղղակի ազդեցություն են թողնում Կիպրոսի տնտեսական խնդիրները:

Հիշեցնենք, որ Կիպրոսում մեկնարկել է ֆինանսական համակարգի վերակազմավորման գործընթաց, որի շրջանակներում այս տարվա մարտին Կիպրոսի ֆինանսավարկային կազմակերպությունները շուրջ երկու շաբաթ դադարեցրել էին իրենց գործունեությունը:

Կիպրոսը Հունաստանից, Իռլանդիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից հետո Եվրոգոտու 5-րդ երկիրն է, որին անհրաժեշտ եղավ ֆինանսական օգնություն:

Share