Բաժին. Բիզնես

Orange Ֆրանսիայի աջակցությամբ Հեռախոսամարաթոնի ժամանակ գրանցվել են ավելի քան 1,46 մլն եվրոյի նվիրատվության խոստումներ

Տասնչորս տարի շարունակ Orange-ը համագործակցում է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ` աջակցելով վերջինիս կողմից իրականացվող Հեռախոսամարաթոն դրամահավաք ծրագրին:

Orange Ֆրանսիան «Հայաստան» համահայկական հիմնադրամի կամավորներին օգնում է իր փորձով ու գիտելիքներով, և վերջիններիս տրամադրության տակ է դնում հեռահաղորդակցության և ՏՏ անհրաժեշտ միջոցները, մասնավորապես Կաշանում, Լիոնում, Մարսելում և Տուլուզում գործող իր հեռախոսային կայանները: Ի հավելումն այս տեխնիկական աջակցության՝ Orange Հիմնադրամն այս տարի նաև 60,000€ գումարի չափով աջակցություն է ցուցաբերել:

Նոյեմբերի 21-ից 24-ը Orange-ի հեռախոսային կայաններից 750 կամավորները հեռախոսազանգեր են կատարել 50,000 ընտանիքների և ձեռնարկությունների, որի արդյունքում ավելի քան 1,460,000 եվրոյի չափ նվիրատվության խոստումներ են գրանցվել, ինչը 4%-ով ավելի է, քան անցյալ տարի: Այս նվիրատվությունների 1 240 000€ գրանցվել է Ֆրանսիայից, 62 000€` Գերմանիայից, 77 000€` Շվեյցարիայից, 23 000€` Հունաստանից, 11 000€` Բելգիայից և այլն:

Հեռախոսամարաթոնից ստացված հանգանակություններն ուղղվելու են Հայաստանի գյուղական վայրերի բնակչներին, մասնավորապես Տավուշի մարզում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին, Ղարաբաղում 16 նոր գյուղական կենտրոնների կառուցմանը, սիրիահայերին աջակցության ծրագրերին:

Այս տարի Հեռուստամարաթոնը Հայաստանում տեղի կունենա նոյեմբերի 30-ին: Հայաստանում Orange-ը նաև իր բաժանորդներին հնարավորություն է տալիս կատարել նվիրատվություններ՝ ուղարկելով SMS 7733 համարին կամ զանգահարելով 090008000 համարով: Մեկ SMS ուղարկելու և մեկ զանգ կատարելու դեպքում Orange-ի բաժանորդները կնվիրաբերեն 500 դրամ:

Share