Բաժին. Բիզնես

ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատակիցները դարձել են ՌՈՒՍԱԼ-ի բաժնետերեր

Ալյումինի համաշխարհային  առաջատար արտադրողներից մեկի` ՌՈՒՍԱԼ միացյալ ընկերության (UC RUSAL) կազմի մեջ մտնող ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանի 3 աշխատակից դարձել է ընկերության բաժնետեր: ԱՐՄԵՆԱԼ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ արտադրական համակարգի ներդրման գործում ակտիվ աշխատանքի համար նրանց խրախուսել են ՌՈՒՍԱԼ-ի բաժնետոմսերի փաթեթներով:

Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ընկերությունը մշակել է երկարատև պարգևատրման ծրագիր, որն ուղղված է աշխատակիցների հավելյալ խրախուսմանը, նրանց շահագրգռության բարձրացմանը, գործատուների հաջողությունը աշխատակիցների միջև բաժանելուն և աշխատողների ու բաժնետերերի շահի համակշռմանը:

ԱՐՄԵՆԱԼ-ի կողմից ծրագրի մասնակիցների կազմում են ընդգրկված տեխնոլոգիայի և որակի գծով տնօրեն Արտեմ Անդրիասյանը, տեխնիկական տնօրեն Իգոր Կոկարևը և Արտադրական համակարգի զարգացման բաժնի պետ Արթուր Զաքարյանը, որոնք էլ դարձել են  ՌՈՒՍԱԼ-ի պարգևատրման բաժնետոմսերի տերերը:

Հայ բաժնետերերին դրանք հանձնել է ՌՈՒՍԱԼ ՄԸ արտադրության զարգացման գծով տնօրեն Դմիտրի Բոնդարենկոն:

Նոր սեփականատերերի անունները գրանցվել են ընկերության հաշվեցանկի մեջ Հոնկոնգի ֆոնդային բորսայում:

Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով ՌՈՒՍԱԼ ընկերությանը բաժին է ընկել ալյումինի համաշխարհային արտադրության 9%-ը: ՌՈՒՍԱԼ-ը ներկացացված է աշխարհի 19 երկրում:  

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում, 2000 թվականին, Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա՚», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

Share