Բաժին. Բիզնես

Այս տարի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իրականացրել է շուրջ 6,3 մլրդ դրամի ներդրում

2013 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իրականացրել է շուրջ 6,3 մլրդ դրամի ներդրում: 2014 թվականին ընկերության ներդրումային ծրագրի ծավալը կպահպանվի այս նույն մակարդակում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը՝ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Ամփոփելով տարվա արդյունքները՝ Վիկտոր Ռեբեցը նշել է, որ 2013 թվականի արդյունքերով, ըստ կանխատեսումների, ընկերության կողմից իրականացված բեռնափոխադրումների ծավալը կկազմի 3.2 մլն. տոննա: Նմանատիպ արդյունք է սպասվում նաև հաջորդ տարվա համար:

Նշվել է, որ Հայաստանի բեռնափոխադրումների ընդանուր ծավալի մեջ երկաթուղու չափաբաժինը չի գերազանցում մեկ երրորդը:

Առաջին հերթին «Հարավկովկասյան երկաթուղի»-ն մրցակցում է ավտոմոբիլային տրանսպորտի հետ: Մրցակցությունից ելնելով՝ ընկերությունն ընդլայնում է մատուցվող ծառայությունների ցանկը: «Մենք բեռնափոխադրումներ ենք իրականացնում Ուկրաինայից և Ռուսաստանից՝ լաստանավի օգնությամբ», – նշել է Վիկտոր Ռեբեցը՝ տեղեկացնելով, որ ընկերությունը փորձում է ճշգրիտ իրազեկել երկաթուղային փոխադրումների առավելությունների մասին, սակագների մրցունակության մասին՝ ապահովելով այնպիսի բեռների ծավալուն փոխադրում, ինչպիսիք են հանքանյութ, ածուխ, մետաղ, ցեմենտ, նավթամթերք, շաքար, հացահատիկ: Բացի այդ, սոցիալական նշանակության բեռներ տեղափոխելիս (շաքար, ալյուր, հացահատիկ, վառելիք) ընկերությունը տրամադրում է հատուկ զեղչեր:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share