Բաժին. Բիզնես

Ֆրանսիան ընդդեմ Google-ի

Ֆրանսիայի իշխանություններն ամերիկյան Google ընկերությանը տուգանել են շուրջ 150 հազար եվրոյով: Տուգանք կիրառելու պատճառն ընկերության որդեգրած քաղաքականությունն է՝ կապված անձնական տվյալների գաղտնիության պահպանման հետ: Այս մասին հաղորդում է եվրոպական մամուլը:

Նշենք, որ արդեն երկար ժամանակ է ամերիկյան IT հսկան և եվրոպական մի շարք երկրներ ունեն տարաձայություններ: Դրանք առավել սրվել էին 2012 թվականին, երբ Google-ը հայտարարել էր, որ իր «ամպային» ծառայությունների համար մշակել է գաղտնիության նոր քաղաքականություն: Եվրոպական փորձագետները անմիջապես հայտարարել էին, որ այդ նոր քաղաքականությունը հակասում է Եվրամիության օրենսդրական նորմերին: Մի շարք երկրներ սպառնացել էին Google-ի նկատմամբ կիրառել սանկցիաներ:

Արդյունքում, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և այլ եվրոպական երկրների իշխանությունների ճնշումների ներքո Google-ը 2013 թվականի ընթացքում վերանայել էր իր գաղտնիության քաղաքականությունը և փոխել այն:

Սակայն, ինչպես պարզվեց, փոփոխված քաղաքականությունը ևս չի գոհացրել Ֆրանսիային: Երկրի իշխանությունները վստահ են, որ ինտերնետ-օգտատերերը դեռևս ոչ բոլոր դեպքերում կարող են ամբողջական պատկերացում կազմել, թե ինչպես են օգտագործվում իրենց տվյալները և ոչ միշտ կարող են վերահսկել այդ տվյալները:

Share