Բաժին. Բիզնես

2013թ.-ին BMW-ն համաշխարհային շուկայում վաճառել է 1,9 մլն ավտոմեքենա

Ավտոարտադրության ոլորտում առաջատար գերմանական BMW ընկերությունն ամփոփել է 2013 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 1,96 մլն ավտոմեքենա: 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 6,4%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ միայն BMW բրենդի ներքո թողարկված ավտոմեքենաների վաճառքի ծավալն աճել է 7,5%-ով և կազմել 1,65 մլն միավոր: Նշենք, որ BMW ընկերությունն իր արտադրանքը ներկայացնում է երեք բրենդի ներքո՝ BMW, Mini և Rolls-Royce:

Վաճառքի համեմատաբար թույլ ցուցանիշ BMW-ն գրանցել է եվրոպական շուկայում, առավել բարձր ցուցանիշ՝ ասիական շուկայում:

Ընկերությունը կանխատեսում է, որ 2014 թվականի ընթացքում կհաջողվի մեծացնել վաճառքի ծավալները և սահմանել նոր ռեկորդ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2013 թվականի արդյունքներով BMW-ն Գերմանիայում ճանաչվել է տարվա լավագույն ավտոմոբիլային բրենդը:

Share