Բաժին. Բիզնես

Քննարկվել են Հայաստանում բջջային բովանդակության զարգացման հեռանկարները

Հունվարի 18-ից 19-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Mobile Developer Day» խորագրով գործնական համաժողով: Այն կազմակերպվել էր «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» հիմնադրամի կողմից՝ «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) աջակցությամբ։

Համաժողովին, որը նվիրված էր տեղական բջջային բովանդակության զարգացմանը և ձևավորմանը, մասնակցել են բջջային բովանդակության առաջատար մշակող-ծրագրավորողներ, լրագրողներ և բիզնեսի ներկայացուցիչներ։

Սեմինարի կազմակերպիչները և մասնակիցները կարծիքներ են փոխանակել ոլորտի առկա իրավիճակի շուրջ, քննարկել հիմնական խնդիրները և զարգացման ամենահեռանկարային ուղղությունները։ Սեմինարի շնորհիվ բիզնեսի ներկայացուցիչները և ծրագրավորողները կարողացել են մշակել համագործակցության հիմնական պլան՝ նպատակ ունենալով ապահովվել  տեղական, այդ թվում նաև հայալեզու բջջային բովանդակության հանդեպ աճող պահանջարկը։

«Համաժողովը հանդիսանում է «ԱրմենՏել» ընկերության կողմից անցած տարի հայտարարված բջջային բովանդակության և հավելվածների զարգացման ծրագրի  շարունակությունը։ Մենք կքնարկենք զարգացման այն հիմնական ուղղությունները, որոնք կարիք ունեն խոշոր բիզնեսի միջամտության։ Մեր ընկերությունը սոցիալական քաղաքականության շրջանակում մեծ նշանակություն է տալիս տեխնոլոգիական զարգացմանը և աջակցում է հայալեզու կամ Հայաստանում ստեղծված բովանդակության զարգացմանը», – նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Անցած տարվա նոյեմբերից մենք համագործակցության ենք հրավիրում բջջային հավելվածների և բովանդակության տեղական մշակող-ծրագրավորողների, ինչի շնորհիվ ապագա զարգացման պլաններից բացի, մենք ունենք տեղական մշակող-ծրագրավորողների հստակ բջջային հավելվածներ՝ արդեն իսկ պատրաստ գործարկման։ Համատեղ աշխատանքի ընթացքում մենք նկատեցինք հետաքրքրության մեծ ալիք այս ոլորտի հանդեպ, և ես վստահ եմ, որ մեր աշխատանքը կխթանի հայ մշակող-ծրագրավորողների բջջային հավելվածների ստեղծմանը»,- նշել է «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյան:

Սեմինարին մասնակցել են «ԱրմենՏել»,  Microsoft, mLab, Zoom Graphics, Helix Consulting, Fluger, Dinamica, Simply Technologies, OMG Studio ընկերությունների ներկայացուցիչներ։

Share