Բաժին. Բիզնես

2013թ.-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 3,2 մլն տոննա բեռ և 415 հազար ուղևոր

2013 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 3275,2 հազ. տոննա բեռ և 415,4 հազ. ուղևոր:

Ընկերության հրապարակած տվյալները վկայում են, որ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, բեռնափոխադրումների ծավալը կրճատվել է 5,3%-ով, իսկ ուղևորաշրջանառությունը՝ աճել 4%-ով (52992,0 հազ. ուղևոր/կմ-ից մինչև 55123,8 հազ. ուղևոր/կմ):

Արտահամնան հաղորդակցությունում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնափոխադրումների ծավալը  2013 թվականին կազմել է 456 հազար տոննա: Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 1260,7 հազար տոննա բեռ, տեղական հաղորդակցությունում՝  1558,5 հազար տոննա: Բեռների ծավալում գերակշռող մաս կազմել են, մասնավորապես, գունավոր մետաղները (1,3 մլն. տոննա), հացահատիկային բեռները (455 հազ. տոննա), նավթային բեռները (276,8 հազ. տոննա), շինանյութը (133,5 հազ. տոննա), ցեմենտը (110,2 հազ. տոննա):

Միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում ընկերության բեռնափոխադրումների ծավալը կազմել է 245 հազ. տոննա, որից արտահանվել է 29,7 հազ. տոննա, ներմուծվել՝ 120 հազ. տոննա, տեղական հաղորդակցությունում փոխադրվել՝ 95,3 հազ. տոննա բեռ:

Իսկ տարվա ընթացքում փոխադրված 415,4 հազ. ուղևորից 60,2 հազարը տեղափոխվել էր միջազգային և 355,2 հազարը՝ տեղական հաղորդակցությունում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share