Բաժին. Բիզնես

Google-ը Motorola Mobility-ն շուրջ 3 մլրդ դոլարով վաճառել է չինական Lenovo ընկերությանը

Չինական Lenovo ընկերությունը Google-ից գնել է Motorola բիզնես-ստորաբաժանումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ գործարքի ընդհանուր արժեքը կարող է կազմել շուրջ 3 մլրդ ԱՄՆ դոլար: Սպասվում է, որ գործարքի կնքման արդյունքում Lenovo ընկերությանը կանցնի նաև տարբեր բջջային սարքերի մասով ավելի քան 10 հազար արտոնագիր:

Վերլուծաբանները նշում են, որ գնելով Motorola-ն Lenovo ընկերությունը հնարավորություն կստանա իր բիզնեսը զարգացնելու նաև ամերիկյան շուկայում, որտեղ այսօր առաջատար դիրքեր են զբաղեցնում Apple-ը և Samsung-ը:

Հարկ է նաև նշել, որ Google ընկերությունը, վաճառելով Motorola բիզնես-միավորը, անուղղակի կերպով խոստովանել է, որը հրաժարվում է բջջային հեռախոսների սեփական արտադրությունն ունենալու մտքից:

Հիշեցնենք, որ Motorola-ի գնման իր մտադրության մասին Google-ը հայտարարել էր 2011 թվականի օգոստոսին: Մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում գործարքը կայացել էր: Գործարքի  ընդհանուր արժեքը գնահատվել էր 12.5 մլրդ դոլար:

Share