Բաժին. Բիզնես

Շուկայում առաջին կանխիկի մուտքագրման շուրջօրյա ծառայությունը Էյչ-Էս-Բի-Սի-ից

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն իր հաճախորդներին է ներկայացնում կանխիկի մուտքագրման նոր ծառայություն, որը հաճախորդին կընձեռի իր հաշվին կանխիկի ակնթարթային մուտքագրման հնարավորություն՝ ի հավելումն Էյչ-Էս-Բի-Սի բանկոմատների միջոցով արդեն իսկ իրականացվող գործարքներին:

Այսուհետ, Էյչ-Էս-Բի-Սի հաճախորդները բանկի Տերյան 66 հասցեում տեղադրված  բազմաֆունկցիոնալ բանկոմատի միջոցով կարող են կանխիկը մուտքագրել իրենց բանկային հաշվեհամարին, որն անմիջապես կարտացոլվի մնացորդի վրա: Բանկոմատի այս ծառայությունը թույլ է տալիս մեկ գործարքով միանվագ մուտքագրել ցանկացած արժեքի մինչև 80 ՀՀ թղթադրամ՝ բացառությամբ 1999/2012 թվականներին թողարկված ՀՀ 5000 դրամ արժողության թղթադրամների, ինչպես նաև ՀՀ 100000 թղթադրամների (մանրասների համար այցելեք www.hsbc.am):

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի կողմից իրականացվող կանխիկացման գործարքների ամբողջ ծավալի շուրջ 80%-ն այսօր կատարվում է բանկի 55 բանկոմատներից բաղկացած ցանցի միջոցով: Սա հիմքեր է ստեղծում ենթադրելու, որ բանկոմատի միջոցով կանխիկի մուտքագրման ծառայությունը մոտ ապագայում կդառնա նույնքան պահանջված և կիրառվող, որքան կանխիկացմանը:

«Բանկը մշտապես ձգտում է բարելավել իր հաճախորդներին տրամադրվող առօրյա բանկային ծառայություններն ու սպասարկման որակը և դա անում է նաև հայաստանյան շուկա նոր տեխնոլոգիաներ ներմուծելով: Կանխիկի մուտքագրման այս արագ և պարզ ծառայությունը կօգնի մեր հաճախորդներին խուսափել հերթերից, ժամանակ խնայել և հնարավորություն կընձեռի իրենց կանխիկ գործարքները ազատ կառավարել բանկի ոչ աշխատանքային ժամերին», – ասել է Էլչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:

Share