Բաժին. Բիզնես

Հայտարարվել է ՀՀ վարչապետի 2014թ. «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը

Հայաստանի տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումների  գնահատման և սատարման նպատակով հայտարարվել է ՀՀ վարչապետի՝ «Լավագույն կին գործարար» 2014թ. մրցանակաբաշխության մեկնարկը:

Մրցանակաբաշխությունը հայտարարվել է հետևյալ անվանակարգերում.
– «Լավագույն կին գործատու»
– «Լավագույն կին նորարար»
– «Լավագույն կին բարեգործ»
– «Լավագույն ապրանքանիշ»
– «Լավագույն երիտասարդ կին գործարար»
– «Լավագույն սկսնակ կին գործարար»

Մրցանակաբաշխության սկզբունքներն են՝
– յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի՝ իր ընտրությամբ,
– յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզի լավագույն կին գործարարների համար,
– հայտատուների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որը ստեղծվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով:

Մրցանակների շնորհման արարողությունը կատարվում է ՀՀ վարչապետի կողմից: Մրցանակաբաշխությունը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իրականացնում է Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն  հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ):

Մրցանակաբաշխության մասին առավել մանրամասն հայտարարությունը հասանելի է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կայքում (http://www.smednc.am):

Share