Բաժին. Բիզնես

2013թ.-ի արդյունքներով Fannie Mae-ը գրանցել է ռեկորդային շահույթ

Ամերիկյան հիփոթեքային Fannie Mae գործակալությունը, որը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի պայմաններում ազգայնացվել էր, ամփոփել է 2013 թվականի իր գործունեության արդյունքները:

Ներկայացված հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում գործակալության ապահոված զուտ շահույթը կազմել է շուրջ 84 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Գործակալության պարզաբանմամբ՝ նման բարձր ցուցանիշ է գրանցվել, քանի որ տարեկան միանվագ եկամուտների մեջ ընդգրկվել են նաև մինչ այս երկարաձգված հարկային ակտիվները՝ 45 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:

Նշենք նաև, որ 2012 թվականին Fannie Mae-ը ապահովել էր 17,2 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ շահույթ:

Հիշեցնենք, որ 2008 թվականին Fannie Mae-ը և վերջինիս «երկվորյակ» Freddie Mac-ը ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայում գների կտրուկ անկման պայմաններում հայտնվել էին սնանկ ճանաչվելու եզրին: ԱՄՆ-ի կառավարությունը, այս հիփոթեքային գործակալությունները համարելով համակարգային, վերջիններիս տրամադրել էր ուղղակի ֆինանսական օգնություն: Fannie Mae և Freddie Mac հիփոթեքային գործակալությունների փրկության համար ԱՄՆ-ի կառավարությունը ծախսել էր շուրջ 187,5 մլրդ ԱՄՆ դոլար: Այսօր արդեն ԱՄՆ-ի կառավարությանը գրեթե հաջողվել է ամբողջությամբ հետ վերադարձնել ներդրված ֆինանսական միջոցները:

Fannie Mae և Freddie Mac հիփոթեքային գործակալություններին բաժին է ընկնում ԱՄՆ-ի հիփոթեքային շուկայի շուրջ 60%-ը:

Share