Բաժին. Բիզնես

ԱՐՄԵՆԱԼ ընկերության թափոնների պահման տեղամասը արժանացել է հավանության

ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանում անցկացվել են հասարակական լսումներ՝ ձեռնարկության արդյունաբերական թափոնների պահման տեղամասի նախագծի վերաբերյալ:

Միջազգային ստանդարտներին համապատասխան մշակված նախագիծը արժանացել է շահագրգիռ կողմերի հավանությանը և փոխանցվել ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ համաձայնեցմանը:

ԱՐՄԵՆԱԼ-ից հայտնում են, որ 3300 ք.մ մակերեսով տեղամասը գտնվում է ԱՐՄԵՆԱԼ-ի տարածքում: Այստեղ 10 տարիների ընթացքում կարող են առանձին պահվել փայլաթիթեղագլանման արտադրության թափոնները, որոնցում չեն օգտագործվում թունավոր նյութեր: Տեղամասը պարսպատվելու է մինչև 3 մ բարձրությամբ բետոնե պատերով, ինչը առավելագույն չափով կնվազեցնի թափոնների փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ: Այդ նպատակին է ծառայում նաև տեղամասի հոսքաջրերի հեռացման համակարգով հագեցած ասֆալտե հատակը:

Նախագիծը մշակված է «ATMS Solutions» մասնագիտացված կազմակերպության կողմից և համապատասխանում է Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության բոլոր պահանջներին: Նախագծի հեղիանակները նախատեսել են, որ հետագայում ԱՐՄԵՆԱԼ-ի արդյունաբերական թափոնները հեռացվելու են հանրապետական մասնագիտացված պոլիգոն՝ վերամշակման և օգտահանման համար:

Նշենք, որ ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում, 2000թ. մայիսին՝ Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը:  ՍԱՅԱՆԱԼ,« Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» գործարանների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

Share