Բաժին. Բիզնես

Orange Հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է համայնքային զարգացման նոր ծրագիր

Orange Հիմնադրամը հայտարարել է համայնքային զարգացման «Մեկ գյուղ» լայնածավալ ծրագրի մեկնարկի մասին: «Մեկ գյուղ» նախաձեռնության հիմնական նպատակն է աջակցել գյուղական համայնքների համալիր զարգացմանը: Այն, մասնավորապես, ուղղված է լինելու ընտրված մեկ գյուղական համայնքի տնտեսական գործունեության կայուն զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև  կրթական ու առողջապահական ենթակառուցվածքների բարելավմանը: Ծրագիրն իրականցվելու է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում «Շեն» բարեգործական կազմակերպության կողմից: Այն նախատեսվում է ավարտել մեկ տարվա ընթացքում: «Մեկ գյուղ» ծրագրին Orange Հիմնադրամի հատկացված ֆինանսական աջակցությունը կազմել է 55 միլիոն դրամ:

«Մեկ գյուղ» ծրագիրն օգտագործելու է սպառողական կոոպերատիվի մոդելը, որը Հարթավան գյուղի բնակիչներին թույլ կտա բարելավել կաթնամթերքի արտադրությունն ու վաճառքից ստացված արդյունքները: Նորաստեղծ կոոպերատիվին աջակցելու նպատակով ստեղծվելու է կաթի հավաքագրման և վաճառքի մասնագիտացված ու նոր տեխնիկայով զինված կետ: Ծրագրի շրջանակներում ջրաբաշխման համակարգի վերանորոգման և 500 մետր երկարությամբ նոր խողովակաշարի կառուցման միջոցով՝ կբարելավվի նաև համայնքի ոռոգման համակարգի արդյունավետությունը: Ֆինանսական միջոցներ կհատկացվեն նաև գյուղի մանկապարտեզի վերանորոգմանն ու ընդլայնմանը, ինչը հնարավորություն կտա կրկնապատկել մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Կվերակառուցվեն նաև ֆուտբոլի և վոլեյբոլի խաղահրապարակները: Ծրագիրը նախատեսում է նաև համայնքի բուժկետի՝  նոր սարքավորմաբ համալրումն ու բուժանձնակազմի համար մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակեպումը:

«Գյուղական համայնքերն ու դրանց առօրյա խնդիրները մշտապես Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: Մեր գործընկերների հետ համատեղ մենք արդեն իրականացրել ենք գյուղական համայնքների սոցիալական ենթակառուցվածքների՝ սպորտային համալիրների, մանկապարտեզների, համակարգչային սրահների զարգացմանն ուղղված մի շարք արդյունավետ ծրագրեր:  Վերջիններիս նպատակն էր խթանել գյուղական համայնքների տնտեսական զարգացման հնարավորությունները, ինչպես, օրինակ, Բերդավան գյուղում իրականացված պտղաբուծության զարգացման ծրագիրը: Այս անգամ մենք նախաձեռնել ենք էլ ավելի համապարփակ ծրագիր, որն ուղղված է լինելու Հարթավան գյուղի կաթնարդյունաբերության, ինչպես նաև ոռոգման համակարգի զարգացմանը և սպորտային խաղահրապարակների ու համայնքի բուժկետի տեխնիկական հագեցվածությանը: Ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ  «Շեն» բարեգործական կազմակերպության հետ համատեղ իրականացվող այս նախաձեռնությունը դրական ազդեցություն կունենա և կբարելավի համայնքի բնակիչների կյանքի պայմանները», ասաց Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Ծրագրի մեկնարկին իրենց մասնակցությունն ունեցան նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը, Արագածոտնի մարզպետը, Էկոնոմիկայի փոխնախարարը, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչության ղեկավարը: Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին ծրագրի վերաբերյալ՝ նշելով զգալի ֆինանսական ներդրման, ինչպես նաև գյուղական համայնքի տարբեր հիմնախնդիրներին համալիր լուծում տվող այս յուրահատուկ մոտեցման կարևորությունը:

Share