Բաժին. Բիզնես

Orange Հիմնադրամը շարունակում է իրականացնել համայնքային զարգացման ծրագրեր. նոր համակարգչային սրահ է բացվել Դավթաշեն գյուղում

Orange Հիմնադրամը հայտարարել է հերթական համակարգչային սրահի բացման մասին, այս անգամ՝ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում: Orange Հիմնադրամի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով նորաբաց սրահը համալրվել է 7 համակարգչով, տպիչով, Orange-ի MyFi երթուղիչով, որն ապահովում է ներբեռնման մինչև 21.6Մբ/վ արագություն, և հարմարավետ կահավորանքով: Բոլոր ցանկացողների համար կկազմակերպվեն հատուկ համակարգչային դասընթացներ, որոնք թույլ կտան առավել հեշտությամբ օգտագործել տրամադրված սարքավորումները և ինտերնետ ծառայությունների  ընձեռած հնարավորություններն ավելի հասանելի կդարձնեն գյուղի բնակիչների համար:    

«Orange Հիմնադրամը մեծապես կարևորում է գյուղական համայնքների զարգացումը: Հավատացած ենք, որ այս համակարգչային կենտրոնը Դավթաշեն գյուղի բնակիչներին հնարավորություն կընձեռի օգտվել արագ զարգացող ժամանակակից տեխնոլոգիաների տրամադրած առավելություններից և կնպաստի իրենց կյանքի կրթական ինչպես նաև սոցիալական բաղադրիչների բարելավմանը»,- ասաց Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: 

Orange Հիմնադրամի այս նախաձեռնությունն իրականացվել է հեռավոր և խոցելի համայնքների աջակցության և կայուն զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, որը միտված  է խթանել և աջակցել այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝  վերջիններիս հնարավորություն տալով լիովին օգտագործել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները:

Share