Բաժին. Բիզնես

Ղրիմում McDonald's-ին կփոխարինի Burger King-ը

Ռուս-ուկրաինական հակամարտությունը վերածվել է ամերիկյան արագ սննդի կորպորացիաների հակամարտության:

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, Ղրիմը Ռուսաստանի հետ վերամիավորվելու պատճառով, McDonald’s կորպորացիան փակել էր իր բոլոր ռեստորանները թերակղզում: Հայտնի է դարձել, որ այս ամենից ցանկանում է օգտվել McDonald’s-ի վաղեմի մրցակից  Burger King-ը` ինչպես ասվում է ռուսական ասացվածքում «Սուրբ տեղը դատարկ չի մնում»:

Burger King ամերիկյան արագ սննդի ցանցը պատրաստվում է Ղրիմում առաջին ռեստորանները բացել: Այս մասին հայտարարել է Բուրգեր Քինգ Ռուսաստանի տնօրեն Դմիտրի Մեդովոյը: Նա նշել է, որ իրենք արդեն պլանավորում են մուտքը Ղրիմ: Այժմ Բուրգեր Քինգն ունի 12 600 ռեստորան աշխարհի 86 երկրում, դրանցից 200 գտնվում է Ռուսաստանում:

Նշենք, որ McDonald’s-ի կողմից Ղրիմում ռեստորանները փակելուն պես ՌԴ պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին կոչ արեց Ռուսաստանի ամբողջ տարածքում փակել McDonald’s-ի ռեստորանները:

Հիշեցնենք նաև, որ McDonald’s-ը ռեստորաններ չի բացում նաև Հայաստանում: Նման քաղաքականության պատճառներն անհայտ են: Նախկինում, մի քանի անգամ խոսակցություններ եղել են, որ McDonald’s-ը պատրաստվում է մուտք գործել Հայաստան, սակայն դրանք այդպես էլ խոսակցություններ են մնացել:

Share