Բաժին. Բիզնես

Google-ը գրանցել է եռամսյակային շահույթի 3% աճ

Google ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթը աճել է 3%-ով և կազմել 3,45 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության հասույթը աճել է 10,2%-ով և կազմել 15,4 մլրդ ԱՄՆ դոլար:

Ներկայացված տվյալները փոքր-ինչ հիասթափեցրել են ներդրողներին և վերլուծաբաններին, քանի որ վերջիններս կանխատեսել էին ֆինանսական ցուցանիշների առավել բարձր մակարդակ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին ընկերության հասույթի 57%-ը բաժին է ընկել ոչ ամերիկյան շուկայից:

Հիշեցնենք, որ հունվարին չինական Lenovo ընկերությունը Google-ից գնել էր Motorola բիզնես-ստորաբաժանումը: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվել էր շուրջ 3 մլրդ ԱՄՆ դոլար: Վերլուծաբանները նշում են, որ գնելով Motorola-ն Lenovo ընկերությունը հնարավորություն կստանա իր բիզնեսը զարգացնելու նաև ամերիկյան շուկայում, որտեղ այսօր առաջատար դիրքեր են զբաղեցնում Apple-ը և Samsung-ը:

Հարկ է նաև նշել, որ Google ընկերությունը, վաճառելով Motorola բիզնես-միավորը, անուղղակի կերպով խոստովանել է, որը հրաժարվում է բջջային հեռախոսների սեփական արտադրությունն ունենալու մտքից:

Motorola-ի գնման իր մտադրության մասին Google-ը հայտարարել էր 2011 թվականի օգոստոսին: Մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում գործարքը կայացել էր: Գործարքի  ընդհանուր արժեքը գնահատվել էր 12.5 մլրդ դոլար:

Share