Բաժին. Բիզնես

Toyota ընկերությունը սահմանել է վաճառքի համաշխարհային ռեկորդ

Toyota ընկերությունը սահմանել է վաճառքի համաշխարհային ռեկորդ: Հրապարակված տվյալների համաձայն՝ 2013 ֆինանսական տարվա ընթացքում ընկերության հաջողվել է վաճառել շուրջ 10,13 մլն ավտոմեքենա: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է մոտ 4,5%-ով: Toyota ընկերության նախնական գնահատմամբ՝ հաշվետու տարվա արդյունքներով շահույթը կազմել է 18,5 մլրդ ԱՄՆ դոլար:

Ինչպես նշում են վերլուծաբանները՝ Toyota ընկերությանը հաջողվել է գրանցել վաճառքի ծավալների ռեկորդ առավելապես շնորհիվ Ճապոնիայի կառավարության որոշման, ըստ որի՝ այս տարվա ապրիլ ամսից Ճապոնիայում բարձրացվել է ավտոմեքենաների վաճառքից հաշվարկվող հարկի դրույքաչափը` 5%-ից մինչև 8%: Որոշումը «ստիպել է» շատ ճապոնիացիների մինչ դրույքաչափի բարձրացումը, այսինքն, 2013 ֆինանսական տարվա ընթացքում (որն ավարտվել է այս տարվա մարտին) փոխել իրենց ավտոմեքենաները:

2014 թվականին Toyota ընկերությունը նախատեսում է համաշխարհային շուկայում վաճառել 10,32 մլն ավտոմեքենա:

Նշենք, որ այսօր Toyota բրենդը գնահատվում է շուրջ 34,9 մլրդ ԱՄՆ դոլար: Այն համարվում է աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային բրենդը: Brand Finance գործակալության վարկանիշի համաձայն՝ աշխարհում երկրորդ թանկ ավտո-բրենդը BMW-ն է՝ 28,9 մլրդ ԱՄՆ դոլար արժեքով: Երրորդ տեղում Volkswagen-ն է՝ 27,0 մլրդ ԱՄՆ դոլար արժեքով:

Share