Բաժին. Բիզնես

Կարեն Ճշմարիտյան. Հայաստանը ցանկանում է, որպեսզի ֆրանսիական կապիտալը ընդլայնվի Հայաստանում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մայիսի 12-ից 13-ը Երևանում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական տնտեսական համաժողով:

Մայիսի 12-ին, համաժողովի բացմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Մայիսի 13-ին, համաժողովի շրջանակում, կազմակերպվել են «Առևտուր և ծառայություններ» և «Ենթակառուցվածքներ և սարքավորումներ» թեմաներով կլոր սեղաններ:

«Առևտուր և ծառայություններ» թեմայով կլոր-սեղանի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին, էկոնոմիկայի նախարարը նշել է, որ նման ձևաչափի միջոցառումները առաջնահերթ նշանակություն ունեն ներդրումային և գործարար ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման համար, իսկ նման հանդիպումները լավ հնարավորություն են գործարարների համար` խորացնելու առկա տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև ուղենշելու համագործակցության նոր ոլորտներ:

«Մենք կցանկանայինք, որպեսզի ֆրանսիական կապիտալը ընդլայնվեր Հայաստանում, քանի որ այսօր Հայաստանը դրա կարիքն ունի, իսկ սա ֆրանսիական բիզնեսի համար փոքր, բայց լավ հնարավորություն է»,- իր խոսքում նշել է Կարեն Ճշմարիտյանը:

Ըստ նախարարի, երկու երկրների միջև բարձր փոխվստահության և երկուստեք շահավետ համագործակցության կա, ինչի մասին վկայում են մինչ օրս Հայաստանի տնտեսության իրական հատվածում Ֆրանսիայից կատարած ներդրումների ծավալները /շուրջ 1,1 մլրդ դոլար, այդ թվում` ուղղակի ներդրումները` շուրջ 1 մլրդ դոլար/, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների մեծ քանակը, այնպես էլ հանրահայտ ընկերությունների ներկայությունը տարբեր բնագավառներում` «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունը, «Օրանժ Արմենիա» և «Ալկատել» ընկերությունները, ֆինանսական ոլորտում` Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկը և այլն, նախարարը շեշտել է` «Երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ են պարունակում: Հայաստանում Ֆրանսիան ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, ավելի քան 100 ձեռնարկություն է գործում Հայաստանում, բայց կարելի է ավելի զարգացնել այս հարաբերությունները»:

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայասատնի տնտեսության ներկա վիճակը, անդրադարձել տնտեսության տարբեր ոլորտներում կառավարության կողմից իրականացվող աշխատանքին, նշել տնտեսության գերակա ուղղությունները և առաջնահերթությունները, խոսել տնտեսական համագործակցության հնարավորությունների մասին:

Ելույթի վերջում էկոնոմիկայի նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը կնպաստի նոր գործարար կապերի հաստատմանը և շարունակական փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը:

Share