Բաժին. Բիզնես

Շուրջ 50 կազմակերպություն կներկայացի տեխնոլոգիական լուծումներ ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակներում

Հունիսի 20-21-ն անցկացվող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի այցելուներն այս տարի հնարավորություն կունենան ծանոթանալ հայկական, ռուսական և վրացական տեխնոլոգիական ոլորտի շուրջ 50 ընկերությունների լուծումներին: ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline):

Ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 20 կազմակերպություն: Մասնակից տեղական ընկերություններից են «ԱրմենՏել» ընկերությունը, «Մայքրոսոֆթ Հայաստան», «Սեվեն Սմարթս», «ԱրմԹաբ Թեքնոլոջիս», «Սոֆթլայն Ինթերնեյշնլ», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշն», «Յունիքոմփ»  և այլ կազմակերպություններ:

«ԱրմենՏել» ընկերությունը ֆորումին  կներկայացնի «BlackBerry Enterprise Service» Enterprise 10  (BES) ծառայությունը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնի միջոցով հասանելի դարձնել գործարար տեղեկատվությանը, աշխատել հաճախորդի  կորպորատիվ էլեկտրոնային փոստի համակարգի և ներքին կորպորատիվ հավելվածների հետ, միևնույն ժամանակ BES 10 ապահովում է տվյալների փոխանցման լիարժեք գաղտնիություն։ Ֆորումին կներկայացվեն նաև կոմերցիոն զանգերի կենտրոնը, My Beeline Armenia բջջային հավելվածը և մի շարք այլ նորարարական լուծումեր։

«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը Բիզնես Ֆորումին կներկայացնի կորպորացիայի նոր ռազմավարությունը և հանդես կգա իր նորագույն լուծումներով։ Կներկայացվեն Office 365 ամպային ծառայության առավելությունները խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների համար, Windows 8 սարքավորումներ ու պլանշետները, ինչպես նաև Windows Phone նոր հեռախոսները։

«Թրեյնիքս» էլեկտրոնային ուսուցման համակարգով հանդես կգա «Սեվեն Սմարթս» ընկերությունը: Այն նախատեսված է մարդկային ռեսուրսների արագ և արդյունավետ ուսուցման, վերապատրաստման ու ատեստավորման համար: Թրեյնիքսն արդեն իսկ առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան շուկայում՝ համագործակցելով ավելի քան 1000 ամերիկյան և եվրոպական ընկերությունների հետ:

Միջոցառումն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորներն են Կոնվերս բանկը և ռուսական «ARinteg» ընկերությունը: 

Share