Բաժին. Բիզնես

Ազգային Ժողովում քննարկվում է ՏՏ ոլորտի Startup-ներին հարկային արտոնություններ տրամադրող օրինագիծը

Այսօր Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ առաջարկվում է ՏՏ ոլորտի նոր ընկերությունների համար, որոնք կհամապատասխանեն սույն արտոնությունների տրամադրման չափանիշներին, շահույթահարկը սահմանել 0%, իսկ եկամտային հարկը` 10%: Փոխնախարարը ավելացրեց, որ արտոնությունների առավելագույն ժամկետը սահմանվում է 3 տարի:

Խոսելով ոլորտի մասին` Մելքոնյանն ասաց, որ այժմ ոլորտում գործում է 380 ընկերություն, տարեկան ստեղծվում է 15 – 20 նոր ընկերություն: Արտոնությունների ներդրման արդյունքում նախատեսվում է կրկնապատկել կամ եռապատկել նոր ստեղծվող ընկերությունների քանակը:

Սահմանվող չափանիշներին և սահմանափակումներին անդրադարձ կատարելիս փոխնախարարը նշել է, որ արտոնություններից կարող են օգտվել մինչև 15 աշխատակից ունեցող ընկերությունները: Արտոնություններից օգտվելու համար ընկերությունները պետք է ստանան հավաստագիր, որը կտրամադրվի հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը կազմված կլինի և պետական շահագրգիռ մարմինների, և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներից: 

Share