Բաժին. Բիզնես

Վարչապետն ընդունել է Իտալացի ներդրողներին, ովքեր Հայաստանում նոր գործարան կհիմնեն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է հախճապակու արտադրությամբ զբաղվող իտալական Ceramisia ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիին:

Իտալական ընկերության փոխնախագահը վարչապետին է ներկայացրել իրենց կողմից Հայաստանում նախատեսվող ներդրումային ծրագիրը: Մասնավորապես, Ֆեդերիկո Պոլիդորին նշել է, որ աշխատանքներ են տարվում առաջիկայում մեր երկրում հախճապակու արտադրությամբ զբաղվող գործարան կառուցելու ուղղությամբ, որի արտադրանքը կարտահանվի նաև արտերկիր:

Հովիկ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը՝ ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքներում: Վարչապետը հույս է հայտնել, որ ծրագիրը կնպաստի Հայաստանում հախճապակու արտադրության ավանդույթների վերականգնմանը:

Այնուհետև կառավարության ղեկավարը և Ֆեդերիկո Պոլիդորին քննարկել են ներդրումային ծրագրին առնչվող մի շարք հարցեր:

Նշենք, որ Ceramisia-ն ներկայում իր արտադրանքն արտահանում է 25 երկիր: Այն Իտալիայում համարվում է տնային և հյուրանոցային հախճապակյա սպասքի արտադրության ասպարեզում ամենախոշոր ազգային կերամիկական ընկերությունը:

Share