Բաժին. Բիզնես

ԴիջիԹեքի շրջանակներում կկայանա հայ-հոլանդական բիզնես ֆորում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համատեղ ս.թ. հունիսի 21-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպում է հայ-հոլանդական բիզնես ֆորում: Միջոցառումը կանցկացվի ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումի՝ «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» շրջանակներում:

Միջոցառման շրջանակներում կանցկացվի առանձին հայ-հոլանդական բիզնես ֆորում, որը կազմակերպվում է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համատեղ: Ֆորումը բաղկացած կլինի Հոլանդիայի և Հայաստանի ներկայացուցիչների զեկույցներից և կլոր սեղանի շուրջ քննարկումից:

Զեկուցման հիմնական նպատակն է ներկայացնել Նիդերլանդների ընդհանուր ՏՀՏ ոլորտի և, մասնավորապես, կիրառական խաղերի տեխնոլոգիաների ոլորտի նկարագիրը: Կիրառական կամ «լուրջ» խաղերը իրական խնդիրների կամ իրավիճակների սիմուլյացիաներ են, որոնք կարող են օգտագործվել որպես փորձարարական և կրթական տեխնոլոգիաներ ճարտարագիտության, պաշտպանության, առողջապահության, գիտության, բիզնեսի կառավարման և այլ ոլորտներում:

Կլոր սեղանի շուրջ քննարկման հիմնական թեման է հոլանդական և հայկական ՏՀՏ ոլորտների համագործակցության հնարավորությունները հետևյալ հիմնական ուղղություններով.

– Նոր շուկաներ մուտք,

– Օտարերկրյա կապիտալի ներգրավում,

– Կրթության ոլորտում նախաձեռնություններ:

Հայ-հոլանդական բիզնես ֆորումի արդյունքում ակնկալվում է հաստատել մի շարք համագործակցություններ հայկական և հոլանդական ՏՀՏ ընկերությունների միջև:

Ցանկանում ենք Ձեզ հրավիրել ներկա գտնվել այս միջոցառմանը: Վերջինիս ընթացքում նաև նախատեսվում է հայկական ՏՀՏ ոլորտի, կրթության ոլորտի կամ պետական կառույցների 2 ներկայացուցիչների զեկույցներ: Եթե Ձեր ընկերությունը հետաքրքրված է ելույթ ունենալ վերը ներկայացված թեմաների շրջանակներում, խնդրում եմ՝ կապվեք մեզ հետ որքան հնարավոր է շուտ աշխատանքներին ընթացք տալու համար:

Ֆորումի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվության, այդ թվում՝ մասնակցության պայմաններին ծանոթանալու համար կարող եք այցելել businessforum.digitec.am։

Share