Բաժին. Բիզնես

Արմենալ. նոր ջրահովարանը կապահովի բոլոր ձուլավառարանների անխափան աշխատանքը

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է աշխարհի խոշորագույն ալյումինարտադրողներից մեկի` ՌՈՒՍԱԼ ընկերության կազմի մեջ) 2013-2014 թթ. արդիականացման ծրագրի շրջանակներում տեղադրեց նոր տիպի ջրահովարան: Նրա տեխնիկական բնութագրիչներն ապահովում են հովացման համակարգի ջրի ջերմաստիճանի  արդյունավետ իջեցումը և բոլոր 8 ձուլավառարանների միաժամանակյա աշխատանքը:

Գործարանի տեխնիկական տնօրեն Իգոր Կոկարևի խոսքերով, նախորդ ջրահովարանը, որն օգտագործվում էր ավելի քան 40 տարի, ամառվա շրջանում ստիպում էր բավարարվել լոկ 5 վառարանների գործադրմամբ: «Նոր ջրահովարանը նախորդից 4 անգամ հզոր է: Ժամում  մինչև 600 խորանարդ մետր թողարկման պարագայում այն պահպանում է հովացված ջրի ջերմաստիճանն անհրաժեշտ տեխնոլոգիական չափորոշիչների սահմաններում` անկախ վառարանների քանակից և արտադրողականությունից, ինչը թույլ կտա ողջ ձուլման համալիրին անգամ ամենաշոգ ամառային օրերին անխափան աշխատել», – ասաց Իգոր Կոկարևը: Նոր սարքավորման տեղադրումը իրականացվել է ԱՐՄԵՆԱԼ-ի տեխնիկական ծառայությունների ջանքերով` արտադրող ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նոր հովարանի գործարկումը դարձավ ԱՐՄԵՆԱԼ-ի տեխնիկական վերազինման ծրագրի հերթական փուլը` միտված գործարանի արտադրության ծավալների հասցնելուն  մինչև 33,6 հազար տոննա արտադրանքի թողարկումը:

Share