Բաժին. Բիզնես

2014թ.-ի առաջին կեսին Christie's աճուրդի տան եկամուտը կազմել է 4.5 մլրդ դոլար

Աշխարհի ամենահայտնի աճուրդի տներից մեկի՝ Christie’s-ի եկամուտն այս տարվա առաջին կեսին կազմել է 4.5 մլրդ դոլար, ինչն անցյալ տարվա նույն ցուցանիշին գերազանցում է 22%-ով: Սա ռեկորդային ցուցանիշ է անգլիացիների համար: Christie’s-ի գլխավոր մրցակից՝ ամերիկյան Sotheby’s-ի եկամուտը կազմել է 3.3 մլրդ դոլար:

Christie’s-ի եկամտի 1.3 մլրդ-ը ձևավորվել է հետպատերազմյան և ժամանակակից հեղինակների գեղանկարների վաճառքից: 989 մլն դոլար եկամուտ է բերել իմպրեսիոնիզմի և մոդեռն ոճի արվեստի գործերի վաճառքը, 455.5 մլն բերել է թանկարժեք իրերի և գինու վաճառքը: Աճուրդի տունը նաև մի քանի խոշոր գործարքներ է իրականացրել՝ 80.8 մլն դոլարով վաճառվել է Ֆրենսիս Բեկոնի «Լյուսեն Ֆրեյդի գլխի էսքիզը» նկարը: Վաճառվել է նաև 10 մլն դոլարից ավել գին ունեցող 52 նկար:

Հիշեցնենք, որ Christie’s և Sotheby’s աճուրդի տների կողմից իրականացվում է աշխարհի անտիկվարիատի վաճառքների 90%-ը:

Share