Բաժին. Բիզնես

Մի քանի ժամում ԱՖԿ Սիստեմայի բաժնետոմսերի գինը նվազել է մոտ 30%-ով

Մոսկվայի և Լոնդոնի բորսաներում ժամեր առաջ մեկնարկած առևտրային շրջանների ընթացքում կտրուկ անկում են գրանցել ռուսական ԱՖԿ Սիստեմա կորպորացիայի բաժնետոմսերի և արժեթղթերի գները: Այս պահի դրությամբ Մոսկվայի բորսայում ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 29.75%-ով՝ մինչև 14.65 դոլար, իսկ Լոնդոնի բորսայում արժեթղթերի գնի անկումը կազմել է 32.77%: Նման անկումը նշանակում է, որ ընկերության կապիտալիզացիան նվազել է 5.5 մլրդ դոլարով:

Նման անկումը պայմանավորված է ընկերության ղեկավար և բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովի նկատմամբ առաջ քաշված մեղադրանքի հետ, որի հետևանքով նա տնային կալանքի տակ է: Եվտուշենկովը մեղադրվում է Բաշնեֆտ ընկերության անօրինական սեփականաշնորհման մեջ: Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Եվտուշենկովի կալանքը 10 տարի առաջ Միխայիլ Խոդորկովսկու կալանումից հետո առաջին դեպքն է, երբ Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկը նման պատժի է ենթարկվում: Հիշեցնենք, որ սույն գործով է անցնում նաև հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը, ով արդեն զգալի ժամանակ կալանավորված է, և չնայած առողջական խնդիրներին նրան ապօրինաբար շարունակում են պահել կալանավայրում: Ռուսական լրտավամիջոցներում գերիշխող կարծիքների համաձայն Եվտուշենկովի նկատամամբ մեղադրանքի առաջադրումը ռուսական գործարար շրջանակներում տեղի ունեցող բախումների հետևանք է:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է ԱՖԿ Սիստեմա ընկերության անկախ տնօրեն, իսկ ԱՖԿ Սիստեմային Հայաստանում պատկանում են Սինտրոնիքս և Վիվասել-ՄՏՍ ընկերությունները:

Share