Բաժին. Բիզնես

Starbucks-ը շուրջ 1 մլրդ դոլարով կգնի ճապոնական գործընկերոջը

Սրճարանների խոշորագույն ցանցը տնօրինող ամերիկյան Starbucks կորպորացիան որոշել է ֆրանշիզի իր ճապոնական գործընկերոջից գնել Starbucks Japan-ը: Այս մասին հայտնում է ամերիկյան ընկերության պաշտոնական կայքը:

Starbucks-ը կտնօրինի ճապոնական կորպորացիայի բաժնետոմսերի 60,5%-ը: Գործարքը, որը ծրագրվում է ավարտել մինչև տարեվերջ և արժենալու է 914 մլն դոլար, իրականացվելու է երկու փուլով. ամերիկյան կորպորացիան` նախ 505 մլն դոլլարով կգնի Sazaby League ընկերության 39,5%-ը` այդպիսով միավորելով Ճապոնիայում եղած բիզնեսի 79%-ը: Այնուհետև` Starbucks-ը 408,5 մլն դոլլարով կգնի փոքրամասնական բաժնետերերին պատկանող բաժնետոմսերի մնացած մասը (21%):

The Seattle Times-ի փոխանցմամբ` Starbucks ցանցն առաջին անգամը չէ, որ սեփականացնում է գործընկեր-ընկերության բաժետոմսերի ամբողջական փաթեթը` իր համար կարևոր շուկայում: Այսպես, 2006-ին ցանցը ետ է գնել իր չինական գործընկերոջ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որը պատկանում էր մասնավոր ներդրումային մի ընկերության:
 
Starbucks-ի համար Ճապոնիան համարվում է վաճառքի երկրորդ խոշորագույն շուկան, որտեղ տեղակայված են ցանցի առավել շահութաբեր սրճարանները: ԱՄՆ սահմաններից դուրս Starbucks-ի առաջին հաստատությունը բացվել է ճապոնական Գինձա շրջանում: Ներկայում «Ծագող արևի» երկրում գործում է ամերիկյան ցանցի մոտ հազար սրճարան: Ասիայի վաճառքներին բաժին է ընկնում Starbucks-ի եկամուտների ընդհանուր ծավալի ավելի քան 6%-ը: Starbucks-ի ցանցում ընդգրկված է ավելի քան 23 հազար սրճարան աշխարհի 65 երկրներում:

Share