Բաժին. Բիզնես

Sotheby's-ում վաճառքի հանված Վան-Գոգի կտավը գնահատվել է 30-50 մլն դոլար

Sotheby’s աճուրդային տունը Նյու Յորքում վաճառքի կհանի Վինսենթ Վան Գոգի վրձնին պատկանող «Նատյուրմորտ: Երիցուկներով և կակաչներով ծաղկաման» կտավը: Նկարը գնահատվում է 30-50 մլն դոլար:

Իմպրեսիոնիզմին և մոդեռնիզմին նվիրված աճուրդը կկայանա նոյեմբերի 4-ին: Հատկանշական է, որ Վան Գոգի կտավները հազվադեպ են դրվում աճուրդի: «Նատյուրմորտ: Երիցուկներով և կակաչներով ծաղկաման» կտավի վրա նկարիչն աշխատել է 1890-ի հունիսին՝ Փարիզից ոչ հեռու գտնվող Օվեր-սյուր-Ուազ փոքրիկ քաղաքում, իր ընկերոջ` բժիշկ Պոլ Գաշեի տանը, ով այդ ժամանակ հետևում էր նկարչի առողջությանը: Վան Գոգն այն ավարտել է մահվանից ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Հոլանդացի նկարիչն իր կյանքին վերջ է տվել 37-ամյա տարիքում:

1920-ականների կեսերին «Նատյուրմորտ: Երիցուկներով և կակաչներով ծաղկաման» կտավը Վան Գոգի` ԱՄՆ-ում հայտնված առաջին աշխատանքներից էր: Վերջին 20 տարում կտավը գտնվում էր եվրոպական մասնավոր հավաքածուում: 

Ներկայում Վան Գոգի ամենաթանկ կտավը համարվում է «Բժիշկ Գաշեի դիմանկարը», որը 1990-ի մայիսին Christie’s-ի կազմակերպած աճուրդում վաճառվել է ոչ ավելի ոչ պակաս, քան 82,5 մլն դոլարով:

Share