Բաժին. Բիզնես

Լոնդոնյան ռեստորանում պատրաստվել է աշխարհի ամենաթանկ բուրգերը

Լոնդոնյան Honky Tonk ռեստորանի գլխավոր խոհարարը պատրաստել է 1100 ֆունտ ստերլինգ արժողությամբ (1400 եվրո) համբուրգեր` այսպիսով սահմանելով բուրգերի արժեքի համաշխարհային ռեկորդ:

Բուրգերը պատրաստված է եղել բացառապես թանկ բաղադրիչներից. կոտլետը պատրաստվել է եղջերուի մսից` սև տրյուֆելով: Ուտեստի մեջ խոհարարն ավելացրել է նաև կանադական ծովային խեցգետնի միս և բեկոն` պատված թխկու օշարակով: Զարդարելու համար օգտագործվել է բելուգայի խավիար, բադի ապխտած ձվեր, մանգոյի թանձրուկ և քերած սպիտակ տրյուֆելներ:

Համբուրգերը պարունակում է 2618 կալորիա, ինչն ավելի շատ է, քան մեծահասակներին խորհուրդ տրվող օրական չափաբաժինը: Գլխավոր խոհարարը խոստովանել է, որ բուրգերի բաղադրատոմսի պատրաստման համար պահանջվել է երեք շաբաթ:

Honky Tonk ռեստորանը, որը գտնվում է Լոնդոնի էլիտար թաղամասերից մեկում, խոհարարական այս ստեղծագործությունն անվանել է «Գլամբուրգեր»: Նոր ուտեստը նախատեսված է դելիկատեսներով հագեցած շվեդական սեղանին մատուցելու համար:

Share