Բաժին. Բիզնես

4 տարում վաճառվել է 225 մլն iPad

Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը հայտարարել է, որ Apple բրենդի` շուկա դուրս գալուց հետո 4 տարվա ընթացքում ամերիկյան կորպորացիան հասցրել է վաճառել ոչ ավելի, ոչ պակաս, քան 225 մլն iPad:

Դրանից զատ, ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի վերջին` Apple-ի համար ավարտված ֆինանսական տարվա ընթացքում վաճառվել է 70 մլն iPad: Համեմատության համար` Թիմ Քուքը ներկայացրել է ցանկացած տիպի համակարգիչների համաշխարհային վաճառքների վերաբերյալ տվյալներ այնպիսի հանրահայտ արտադրողներից, ինչպիսիք են Acer-ը, Dell-ը, HP-ը և Lenovo-ն: Պարզվել է, որ նույն ժամանակահատվածում նշված ընկերությունների պլանշեթների վաճառքների ծավալը զիջել է ամերիկյան հսկայի ցուցանիշներին: Վաճառքների ծավալի ցուցանիշներով Apple-ին առավել մոտ է եղել Lenovo ընկերությունը (ընդամենը 57 մլն համակարգիչ):

Թիմ Քուքը հավելել է, որ iPad պլանշեթներից գոհ է օգտագործողների գերակշիռ մասը: Այսպես, iPad mini-ից գոհ է օգտագործողների 100%-ը: Apple-ի ղեկավարը նաև նշել է, որ iPad-ի համար այս պահին հասանելի է 675 հազար հավելված:

Share