Բաժին. Բիզնես

Apple Pay-ը 72 ժամվա ընթացքում ակտիվացրել է 1 մլն քարտ

Wall Street Journal-ի տեխնոլոգիական համաժողովին Apple-ի ղեկավար Թիմ Քուքը հայտարարել է,որ Apple Pay վճարային համակարգի թողարկումից հետո առաջին 72 ժամվա ընթացքում ակտիվացվել է 1 մլն քարտ: Փորձագետների գնահատականով` այս ցուցանիշն արդեն վկայում է Apple Pay-ի` տեխնոլոգիական սահմաններից դուրս գալու մասին:

Ենթադրվում է, որ Apple Pay վճարային համակարգից ստացված եկամուտները ամերիկյան կորպորացիայի համար էական կլինեն, մանավանդ այն դեպքում, երբ 100 դոլարի գնումներ կատարելու դիմաց գանձվելու է 15 ցենտ: Տարբեր հաշվարկներով` Apple Pay համակարգով հնարավոր է ընկերության եկամուտների ծավալը հասցնել ավելի քան 600 մլրդ դոլարի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին թողարկված Apple Pay վճարային համակարգը հնարավորություն է ընձեռում օգտվել ավելի քան 220.000 խանութների և ցանցերի ծառայություններից: Ներկայում այն հասանելի է միայն iOS 8.1 օպերացիոն համակարգով աշխատող iPhone 6/iPhone 6 Plus սմարթֆոնների համար, որոնք համալրված են հատուկ չիպով։

Ամերիկյան ՏՏ հսկան արդեն համաձայնագրեր է կնքել մոտ 500 բանկերի, ինչպես նաև Visa, MasterCard և American Express վճարային համակարգերի հետ։

Անմիջապես սմարթֆոնից վճարում կատարելու մեթոդը լայնորեն կիրառվում է Արևմտյան շուկայում և հետագա աճի միտումներ ունի: Այդ ոլորտում Apple-ի գլխավոր մրցակիցներից է համարվում Google-ը, չհաշված` վճարումներ կատարելու արդեն գոյություն ունեցող ավանդական եղանակները:

Share