Բաժին. Բիզնես

Apple-ը մտադիր է դուրս գալ իրանական շուկա

Ամերիկյան Apple կորպորացիան Թեհրանի հետ քննարկում է սեփական արտադրանքը իրանական շուկա դուրս բերելու հնարավորությունները` երկրի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների թուլացման ֆոնին:

Կորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ այդ մասին մեկնաբանություններ չեն արել:

Ինչպես տեղեկացնում է Wall Street Journal-ը, խոսքը չի վերաբերում Իրանում Apple-ի ֆիրմային խանութներ հիմնելուն: Պատժամիջոցների հետագա թուլացման պարագայում` ամերիկյան ընկերության արտադրանքը կիրացվի իրանական գործընկերների միջոցով` իրենց իսկ առևտրային կետերում:

Wall Street Journal-ը նշում է, որ Թեհրանն ամեն կերպ փորձում է կարգավորել իր հարաբերությունները արևմտյան բիզնեսի ներկայացուցիչների հետ` դրանով փորձելով նպաստել պատժամիջոցների թուլացմանը: Իսկ Apple-ի համար 77 միլիոն բնակչություն ունեցող Իրանը հանդիսանում է նոր և խոստումնալից շուկա, մանավանդ, երբ իրանցիների 42%-ի մոտ տարիքը չի անցնում քսանհինգից:

Share