Բաժին. Բիզնես

«Աէրոֆլոտը» վերազինում է սեփական ավիապարկը

Ավիափոխադրումների ռուսական շուկայի առաջատար «Աէրոֆլոտ» ընկերությունը լիզինգային պայմաններով ձեռք կբերի А 320 ընտանիքի 22 ինքնաթիռ: Դրանցից 11-ը (վեց А 320 և հինգ А 321) կտրամադրի International Aviation Investments Trading ընկերությունը, ևս 11 ինքնաթիռ էլ (ութ А 320 և երեք А 321)` Global Aircraft Trading PTE ընկերությունը: ՌԴ խոշորագույն ավիափոխադրողի պարկում, ընդհանուր առմամբ, հաշվվում է 149 ինքնաթիռ, որոնցից 96-ը` А 320 ընտանիքից (պարկի 64%-ը):

Նկատենք, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում «Աէրոֆլոտի» զուտ կորուստների ծավալը կազմել է 1,905 մլրդ ռուբլի` մեկ տարի առաջվա նույն հատվածում նկատված 45 մլն ռուբլու շահույթի համեմատ: Ընկերության եկամուտները հունվար-սեպտեմբեր ամիսներին ավելացել են 9,5%-ով (մինչև 140,3 մլրդ ռուբլի):

1932-ին հիմնադրված «Աէրոֆլոտը» Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի և SkyTeam ավիացիոն ալյանսի անդամ է (SkyTeam-ի երթուղային ընդհանուր ցանցում հաշվվում է 1024 կետ աշխարհի 178 երկրներում):

Ի դեպ, «Աէրոֆլոտը» Սոչիի օլիմպիական խաղերի պաշտոնական ավիափոխադրողն էր: Այն նաև ԲԿՄԱ ֆուտբոլային թիմի տիտղոսավոր հովանավորն է, իսկ 2013-ի հուլիսի 1-ից` նաև Մանչեսթեր Յունայթեդ ֆուտբոլային ակումբի պաշտոնական ավիափոխադրողը:

Share