Բաժին. Բիզնես

Նիդերլանդների խոշորագույն ֆինանսական ընկերությունը 7,3 անգամ ավելացրել է իր եռամսյակային շահույթը

Ֆինանսական 3-րդ եռամսյակի արդյունքներով` Նիդերլանդների խոշորագույն ֆինանսական ընկերությունը համարվող ING Groep NV-ի զուտ շահույթն ավելացել է 7,3 անգամ` 128 մլն եվրոյից հասնելով 928 միլիոնի: Միևնույն ժամանակ, ֆինանսական արդյունքները չեն արդարացրել Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանների սպասելիքները, ովքեր կանխատեսում էին 1,08 մլրդ եվրոյի շահույթ:

Հաշվետու հատվածում բազային եկամուտների ծավալն ավելացել է 4,5%-ով` կազմելով 3,942 մլրդ եվրո, իսկ տոկոսային եկամուտները` 2,936 մլրդ եվրոյից մինչև 3,156 մլրդ եվրո:

Կապիտալի բավարարության մակարդակը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 11,1%` հունիսի վերջին արձանագրված 10,5%-ի համեմատ: Նկատենք, որ նիդերլանդական ընկերությունը հաջողությամբ է անցել Եվրոպական կենտրոնական բանկի անցկացրած հերթական սթրես-փորձարկումը:

ING-ը ստեղծվել է 1991-ին` Nationale Nederlanden ապահովագրական ընկերության և NMB Postbank Group բանկի միավորման ճանապարհով: Ընկերության հաճախորդների թիվն աշխարհի ավելի քան 40 երկրներում գերազանցում է 48 միլիոնը: Աշխատակիցների թիվը կազմում է մոտ 75,6 հազար մարդ:

Share