Բաժին. Բիզնես

Mozilla Firefox-ը 10 տարեկան է

Mozilla Firefox դիտարկիչն իր հիմնադրման տասնամյակը նշել է Firefox 33.1 տարբերակում նոր գործառույթների թողարկմամբ: Mozilla-ի գործիքների պանելում ներդրվել է նոր կոճակ` Forget («Մոռանալ») անվանումով, որի օգնությամբ հնարավոր կլինի ակնթարթորեն ջնջել ինտերնետ-դիտարկիչի վերջին 1 ժամվա, 2 ժամվա կամ 1 օրվա պատմությունը:

Firefox 33.1-ում հայտնվել է նաև որոնողական DuckDuckGo համակարգը, որն ավելի կոնֆիդենցիալ է համարվում, քանի որ ավելի քիչ տեղեկություններ է հավաքում օգտատիրոջ մասին:

Mozilla-ն ոչ առևտրային կազմակերպություն է: Եկամուտների մեծ մասը (2012-ի դրությամբ` 90%-ը) ստանում է Google ընկերությունից, որի հետ ստորագրել է որոնողական տեխնոլոգիաների մասին գործընկերային համաձայնագրեր: Դիտարկիչի Firefox 1.0 տարբերակը թողարկվել է 2004թ. նոյեմբերի 10-ին:

Statcounter վերլուծական ծառայության տվյալներով` 2014թ. նոյեմբերի դրությամբ Firefox-ը դիտարկիչների թվում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը` զիջելով միայն Google Chrome-ին և Microsoft Internet Explorer-ին:

Share