Բաժին. Բիզնես

Hasbro-ն մտադիր է ձեռք բերել DreamWorks-ը

Մանկական խաղալիքներ արտադրող ամերիկյան Hasbro ընկերությունը մտադիր է ձեռք բերել DreamWorks Animation SKG Inc. (DWA) անիմացիոն ստուդիան, հայտնում է Bloomberg գործակալությունը:

Bloomberg-ի գնահատականով` DreamWorks-ի ձեռքբերումը, որի շուկայական արժեքը կազմում է մոտ 1,9 մլրդ դոլար, կարող է ամրապնդել Hasbro-ի դիրքերը կինո և հեռուստաշուկայում: Ի դեպ, խաղալիքներ արտադրող ընկերությանն արդեն պատկանում է Discovery Family Channel հեռուստաալիքի 40%-ը:

DreamWorks Animation ամերիկյան հայտնի կինոստուդիան զբաղվում է լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի արտադրությամբ: Ընդհանուր առմամբ` ընկերությունը թողարկել է 29 լիամետրաժ մուլտֆիլմ: Ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում DreamWorks-ի եկամուտներն աճել են 17%-ով և կազմել 180,9 մլն դոլար:

Ամերիկյան Hasbro-ն խաղալիքների և սեղանի խաղերի խոշորագույն արտադրողներից է: Ընկերության եկամուտների ծավալը 2014-ի 3-րդ եռամսյակում արձանագրել է 7% աճ` մինչև 1,47 մլրդ դոլար:

Share