Բաժին. Բիզնես

Գերմանական խոշորագույն էներգետիկ կոնցեռնը փոխում է իր ռազմավարությունը

Գերմանական E.ON խոշորագույն էներգետիկ կոնցեռնը մտադիր է վերակառուցել սեփական բիզնեսը: Ընկերությունն առաջիկա ապագայում կզբաղվի էներգիայի վերականգնվող աղբյուրներով, էներգացանցերով և էներգետիկայի ոլորտում նոր լուծումներ գտնելով, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

«Գլոբալ էներգետիկ շուկաներում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունները, տեխնիկական ինովացիաներն ու հաճախորդների անհատական սպասելիքների աճը պահանջում են նոր` ավելի խիզախ մեկնարկ: E.ON-ի ներկայի ընդգրկուն բիզնես մոդելը չի կարող համապատասխանել նոր պահանջներին: Ուստիև, ցանկանում ենք իրականացնել արմատական բարեփոխումներ»,- հայտարարել է ընկերության ղեկավար Յոհանես Թայսենը:

Այսպիսով, կոնցեռնը, որը ներկայում պայքարում է ֆինանսական կորուստների դեմ, կձերբազատվի կոնվենցիոնալ աղբյուրներից ստացվող էներգիայի (գազ, քարածուխ, «խաղաղ ատոմ») արտադրության բիզնեսից: Նոր ռազմավարությունը նախատեսվում է կյանքի կոչել 2016 ֆինանսական տարում: E.ON-ում վստահեցնում են, որ այն առիթ չի տա աշխատատեղերի կրճատման: Ի դեպ, գերմանական կոնցեռնի պարտքերի ընդհանուր ծավալը կազմում է 31 մլրդ եվրո:

Share